Կատարվել է Լիլիթ Բլեյանի ինչ-որ բան ստեղծելու երազանքը

Համատարած աղմուկի ու անհանգստության մթնոլորտում շատ կարևոր են երբեմն նման երեկոները, որն այսօր սկսվեց «Քաղաքից քաղաք» գնալով, ու կանգ առնելով այնտեղ ուր ծնվում են երգեր․․․․

«Քաղաքները շատ են. մի տեղ լուսաբաց է,

Մյուսում՝ միշտ անձրեւ, երրորդում՝ ջրանցքներ,

Մի տեղ քեզ սպասում են, մյուսում երազում ես,

Հաջորդում ծնվում են անհամար երգեր»․․․

Փետրվարի 4-ին Հին Արենի մյուզիք հոլում հավաքվել էին մարդիկ որոնց ընտրությունը կանգ էր առել Լիլիթ Բլեյանի հեքիաթային երգերի վրա։

Շատ նեղ ենք նայում ամեն ինչին ու բաց ենք թողնում գուցե կարևոր շատ բաներ։ Լսում ենք երգի երաժշտությունը, բառերը, բայց չենք ծանոթանում պատմությանը, չենք փորձում հասկանալ, տեսնել, զգալ, լսել ավելին․․․ Լիլիթն ասում է, որ պատճառը երևի վախերն են: Եթե սկսենք ավելի լայն նայել գուցե տեսնենք բաներ, որոնք մեզ դուր չգան։ Մենք նախընտրում ենք տեսնել միայն այն, ինչ ուզում ենք, և, ինչը որ հաստատում է մեր մտքերը, իսկ չտեսնել այն, ինչ որ գուցե հակառակն է հաստատում: Լայն նայելը շատ ավելի հետաքրքիր է:

Զրույց-համերգից հետո զգում ես, որ երաժշտությունը բացի ժամանց լինելը, նաև մարդու մտածական գործունեության հետ է կապված: Հետաքրքիր երգերը ստիպում են հետաքրքիր մտածել, հետաքրքիր մտքերն ավելի հետաքրքիր երգերի պահանջարկ են ծնում։ Միօրինակությունը նահանջում է հետաքրքիր երգեր լսելիս։

Յուրաքանչյուր երգը ֆիլմի նման տեսնում ես աչքի առաջ, անպայման ուշադրություն դարձնում «մանկությունից պոկված կղմինդրե տանիքներին», «լուսնի կապույտ գույնին», «ծաղիկների մեջ խեղդված ցանկապատին», «հորիզոնի կապույտ ստվերներին», «ձմեռվա նրբագեղ կտավին» «շշերում խնամքով չորացած գինուն», տեղափոխվում ուրիշ, հեքիաթային մի աշխարհ, Լիլիթ Բլեյանի յուրահատուկ, մեղմ աշխարհ։

Այդքան պատասխանատվությունը երգի մեջ հնչած յուրաքանչյուր բառի համար չի կարող անհետևանք մնալ։ Այն մեսիջը, որն ուղարկվում է երգերի տեսքով՝ շատ ազնիվ է ստացվում, զգում ենք ինչ է մտածում, ինչ ապրում, ինչ է կատարվում իր հետ երգելիս:

Հեղինակայինից զատ վայելեցինք ֆրանսերենից հարուստ ու հետաքրքիր տեքստային պատկերներով թարգմանած երգեր․․․ 60-70-ականների սիրուն Ֆրանսիայից․․․ Լիլիթի ձեռքով անցած երգերի հետ հետաքրքիր է, չես ձանձրանում։ Լիլիթը ստեղծագործում է, հաճույք է ստանում, իսկ հայալեզու երաժշտությունը որակյալ կերպով հարստանում ու զարգանում է։

Կուզեի, որ Լիլիթ Բլեյանի երգերը հնչեին ռադիոյով, հաճախ հնչեին ամենուր․․․ իր հետ կապված շատ տեղին է Կոմիտասի ձևակերպումը. «Ժողովուրդը երգում է այնպես, ինչպես խորհում է և խոսում»: Կուզեի ժողովուրդը «վարա՜ր, վարա՜ր» երգեր․․․

Էլի վարար-վարար-վարար-վարար

Թող հոսեն խոսքերը

Մեզ կապեն իրար, ինչպես կամուրջներ

Էլի արագ-արագ-արագ-արագ

Թող թակեն սրտերը`

Անհամբեր, ինչպես սպասող գնացքներ:

Լիլիթ Բլեյանը պարգևեց մի երեկո, որից ապաքինված դուրս եկա: Համերգը տեսնելու, զգալու, հասկանալու, մտածելու, կարոտելու, երազելու մասին էր․․․ մարդու մասին էր։ Զրույց էր մարդու մասին․․․

Ուղիղ եթեր 1

Ուղիղ եթեր 2

Թողնել մեկնաբանություն