Էտից մինչև շշալցում

Շատ կարևոր է աշխատել գինուն նվիրված միջոցառումների զարգացման ուղղությամբ, Հայաստանի գինեգործական մշակույթն ավելի բարձրացնելու համար: Այդ հնարավորությունը սեբաստացիներին տրված է վաղ տարիքից․ այսպիսով 26․01․2022-ին Գինեգործի ճամբարն ամփոփեցինք մի այդպիսի միջոցառմամբ։

«Էտից մինչև շշալցում» խորագրով ցուցադրություն-հյուրասիրությունը կազմակերպել էինք ջոկատականների հետ։ Որոշեցինք հնարավորինս կարճ մեր հյուրերին ներկայացնել թե ինչ գործունեություն է իրականացնում Գինու դպրոցը, ինչ հնարավորություններ է տալիս սովորողներին, ինչ կարևոր ներդրումներ է ունենում մարդու որակի և էթիկայի ձևավորման, մասնագիտական կողմնորոշման և աշխարհայացքի լայնացման վրա։

Միջոցառման վերնագրից պարզ է, որ դպրոցում աշխատում ենք էտից մինչև շշալցում փուլերի վրա, մանրամասն մասնակցելով յուրաքանչյուր փուլին։ Ցուցադրություն-հյուրասիրությանը հյուրերին դիմավորեց Մարգարիտան, ողջունեց, կարճ ներկայացրեց հավաքվելու նպատակը և հերթով պատմեցինք/ցույց տվեցինք հետևյալը․

  • Աշոտը շատ լավ, գործիքների վրա ցուցադրելով ներկայացրեց թե ինչպես է խաղողը մտնում գինու դպրոց-լաբորատորիա, ջզմվում, խմորվում, մամլվում, հնեցվում, շշալցվում, խցանվում և տեղափոխվում մառան։
  • Այնտեղ Մինասը պատմեց ու ցույց տվեց, որ 2018 թվականի դեկտեմբեր ամսից գործող մառանում մութ, խոնավ ու սառը պայմաններում (ինչպես ընդունված է), Կոմիտասի հնչյունների տակ «հանգստանում են» գինիները՝ 2018-2020թթ շշալցված, իսկ պահամանների մեջ դեռ հնեցման պրոցեսի մեջ է 2021 թվականի բերքից ստացված գինին։
    Մի կողմում մեր ընկեր գինեգործների գինիներն են, մյուսում՝ կոնյակի հնեցման ճանապարհն է ցուցադրված, մի կողմում մեր 2019թ-ի կոնյակն է, մյուսում՝ սովորողների անհատական մոտեցմամբ ձևավորած գինու շշերը, մի կողմում սեբաստացի դպրոցների պատրաստած գինիներն են, մյուսում՝ մյուս ալկոհոլային ըմպելիքները, մառանի կենտրոնում, որպես հայկական հնագույն ավանդույթների ներկայացուցիչ դրված է գինով լի կարասը։
  • Ծիծեռնակաբերդի բլրից սկսվող, մինչև Զվարթնոցի տաճար հասնող ամբողջ տարածքը 3000 տարի առաջ Ռուսսա 2-րդ արքայի հիմնած խաղողի այգին է եղել, որը կոչվել է Դալմայի այգիներ։ Այգիների 75%-ից ավելին արդեն շենք-շինություններ ու փողոցներ են դարձել, բայց 2021 թվականի գարնանը Խաղողի և գինու դպրոցը կարևորելով հնգաույն խաղողի տեսակների պահպանությունն ու գիտակցելով մարդու առողջության համար ամենակարևոր նախապայմանը՝ մաքուր օդը, հանձն առավ պահպանված հատվածից մի մասի խնամքը։ Խնամելու արդյունքում ձեռք բերեցինք մի քանի հաստաբուն վազեր, որոնք որպես մասունք մեր պատմական այգուց՝ պահպանել ենք դպրոցում․ մառանի դրսի պատի վրա է։
    Միքայելն ու Մարգարիտան շատ գեղեցիկ ներկայացրին մեր այս պատմական հատվածը։

Բացի այս ամենը, սրահում դրված 4 սեղանների վրա ներկայացված էին մեր գինին, կոնյակը, մրգային լիկյորներն ու պիտակավորվան հատվածը։ Սրանց այն ամենն են ինչին մասնակցություն են ունեցել Գինեգործության ընտրությամբ խմբի և ճամբարի սովորողները։

  • Առաջին սեղանին Մինասը պատմում է 2018 թվականի աշնանը Վայոց Ձորի մարզի Աղավնաձոր գյուղից մթերված Արենի տեսակի խաղողից պատրաստած, 13% թնդությամբ, կարմիր և սպիտակ, դառը (անապակ, չոր) գինու մասին։ Մեր բոլոր տարիների գինիներն ամենաքիչը 6 ամիս կաղնեփայտի մեջ հնեցված են։
    Մինչ հյուրասիրելը Մինասը ներկայացրեց նաև գինու գավաթից ճիշտ օգտվելու, գինին որակավորելու հմտությունները։
  • Հաջորդ սեղանին Գոռը ներկայացնում և հյուրասիրում է 2019 թվականից հնեցվող, մեր երիտասարդ կոնյակը։ Ցույց է տալիս, թե ինչպես պետք է օգտվել կոնյակի գավաթից և ինչպես վայելել այն։
  • Ընտրությամբ գործունեության Գինեգործության խմբի, 10-րդ դասարանցի Սաթենիկն ու Համլետը ներկայացրեցին մեր պատրաստած ցիտրուսի և ազնվամորու համով մրգային լիկյորները։ Պատմեցին թե ինչպես են պատրաստել և ինչ օգտակար հատկություններ ունի այն։
  • Հայկը՝ մեր տաղանդավոր ընկերը, պիտակավորում էր գինու շշերը։ Այս գործունեությունը ևս կարևոր է Գինու դպրոցում, քանի որ դեռ հաստատված պիտակ չունենք, շշերը մենք ենք նկարազարդում՝ տալով անհատական տեսք։ Նաև սրանումն է ՄՍԿՀ գինիների յուրահատկությունը։

Ցուցադրությունից հետո հյուրասիրել ենք մեր արտադրած ու պատրաստած ալկոհոլային խմիչքներից, շոկոլադ, պանիր, չրեր, ինչպես նաև տպագրել և նվիրում էինք մեր գործերի մասին պատմող կարճ տեղեկատվական թերթիկներ, որոնց վրա Համլետի ստեղծած QR կոդն էինք ամրացրել։

Շնորհակալություն ենք հայտնում բոլոր հյուրերին և խոստանում հետագայում ավելի հետաքրքիր հանդիպումներ։

Սովորողների տպավորությունները միջոցառումից․

Տեսանյութը նկարեց Շուշան Սարդարյանը, մոնտաժեց Մարիաննա Գևորգյանը

Լուսանկարեց Հայկ Ջահանգիրյանը

Մեկ կարծիք «Էտից մինչև շշալցում»-ի վերաբերյալ

  1. Ծանուցում՝ Ենթակայքի սպասարկում — Աննա Խաչատրյան

Թողնել մեկնաբանություն